Ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է, հայտնել են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել»,-նշել են աշխատակազմում։
Հայտնում են, որ Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել Ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:
«Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում Ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել նաև տեղեկատվական դաշտում»-հավելել են աշխատակազմում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։