Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին, հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ տեղեկացրել է Արցախում 27 զոհի և 200 վիրավորի մասին՝ նշելով, որ Մարտակերտի ու Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին և նշել, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Արցախի ԱՆ-ն հայտնել էր 128 վիրավորի (12 երեխա) և 25 զոհի մասին (2 քաղաքացիական անձ)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման նպատակն անվանել էր ՀՀ-ին հակամարտության մեջ ներքաշելը և ընդգծել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ չէ և Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։