Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դիմելով երկրպագուներին ու գործընկերներին։
«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ։ ԼՂ ժողովրդին 9 ամիս կանխամտածված շրջափակելուց, սովի մատնելուց և հումանիտար հասանելիության հնարավորությունից զրկելուց հետո Ադրբեջանը գնդակոծում է խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները: Սա ցեղասպանություն է»,-գրել է Մխիթարյանը։
Նա իր երկրպագուներին, մարզական աշխարհին և լրատվամիջոցների իր գործընկերներին կոչ է արել արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը:
«Երեխաները թիրախ չեն, մինչդեռ 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը՝ վիրավորվել»,-նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: