Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ սեպտեմբերի 23-ին Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, հայտնում է ՀՀ հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ բեռի հիմնական հատվածը ալյուր է և այն, ինչ անհրաժեշտ է հաց թխելու համար: Ամատունին նաև հավելել է, որ երեկ կազմակերպության միջոցով 9 վիրավոր տեղափոխել է ԼՂ տեղական հիվանդանոցներ:
«Ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 19-ի, սա առաջին անգամն է, որ մեր կազմակերպությունը կարողացել է հասցնել սննդային պարագաներ տեղի բնակչությանը: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր թիմերն աշխատում են՝ նաև որոշում կայացնողերի հետ քննարկելով տարբեր կարիքները և հնարավորությունը կրկնելու նման աջակցությունը, ինչպես նաև այլ հարցերով փորձել ենք մարդասիրական առաքելությունը իրականացնել»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարդա-Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհով Ադրբեջանի կողմից ԼՂ է ուղարկվել 24 տոննա բենզին և 40 տոննա դիզվառելիք։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։