Գորիս-Երևան ճանապարհին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ առաջին անհրաժեշտության իրերով բարձված ավտոմեքենաները շարժվում են Երևան, մարզեր, համայնքներ։
Նախքան կհասկանան, թե որտեղ են նոր կյանք սկսելու, նրանք Կոռնիձորի հումանիտար կայանում հաշվառում են անցնում, իսկ Գորիսի կոորդինացիոն կենտրոնում փորձում են կացարանի խնդիր լուծել։ Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է Գորիսում, որտեղ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պատմել են ինչպես պատերազմի, այնպես էլ իրենց առաջնահերթ խնդիրների մասին։
Սեդա Զախարյանն Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթախ գյուղից է։ Ասում է՝ կանանցից վերջինն է տեղահանվել, որովհետև առանց զինծառայող որդիների չէր կարող բռնագաղթել։ Սեպտեմբերի 19-ին գյուղում թշնամու կրակոցները լսելուց չի զարմացել։ Մտածել է` հերթականն է՝ կկրակեն, կլռեն։
«Մտածում էինք առաջվա պես կկրակեն, կկրակեն, կլռեն։ Բայց՝ չէ։ Դռոնը քցեցին, մտանք պադվալ։ Խփեցին տան վրա, որի մի մասը փլվեց։ Էրեխեքս էլ պոստերում էին։ Կանանցից վերջին էի, որ դուրս եկա գյուղից։ Այդ ժամանակ գյուղում էլ կին չկար»,-պատմեց Սեդա Զախարյանը։
Հիմա Սեդայի ընտանիքին, առաջին հերթին, հարմար կացարան է անհրաժեշտ, քանի որ 30-ամյա որդին 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ոտքերը։
«Մեզ հիմա տուն է հարկավոր, գոնե առաջին հարկ լինի, որ տղաս կարողանա հեշտությամբ տեղաշարժվել»,- նշեց նա։
Բորիկ Հայիրյանը ևս Հորաթաղ գյուղից է։ 4 երեխա և 11 թոռ ունի։ Ընտանիքում 7-ն են։ Երբ պատերազմն սկսվել է, տան այգում է եղել՝ բերք հավաքելիս։
«Կուկուռուզ էի քաղում։ Մտանք տուն՝ տեսնենք էրեխեքն արդեն լացում են, ասում՝ «փախնենք անտառ, փախնենք անտառ»։ Էրեխեքին վերցրինք ու դուրս եկանք։ Գյուղում ասում էին՝ բոլորը գնացել են, դուք եք մնացել, ինչի՞ եք կանգնել։ Տունը 3 ավտո կար։ Նույն «ռաբոչի» շորերով նստեցինք մեքենան, դուրս եկանք ու հասանք Ստեփանակերտ»,- պատմում է նա։
Գյուղից ամենավերջինը տեղահանված ընտանիքը երեխաների հետ գնդակոծության տակ է հասել Ստեփանակերտ, բայց թշնամու կրակոցներն այնտեղ էլ են շարունակվել։ Բորիկ պապն ասում է՝ այդ ընթացքում Արցախից դուրս գալու ոչ մի միտք չեն ունեցել։ Ընտանիքում նման բառ անգամ չի հնչել։ 5 օր շարունակ մնացել են Ստեփանակերտում։
«Ամբողջ գիշեր կրակում էին քաղաքի վրա․․․ Ժողովրդին ոչինչ չէին ասում, որ հասկանայինք՝ ի՞նչ անել։ Ժողովուրդը ցրված էր, դես ու դեն էին փախչում։ Ու այդպես, տեսնելով նաև, որ օդանավակայանից ժողովրդին հանում են, որ Երևան տանեն, ով ինչպես կարողացավ իրար հետևից դուրս եկան»,- ասում է մեր զրուցակիցը։
Ստեփանակերտ-Գորիս ճանապարը մեկ օրում են հասել՝ 1 տոպրակ խնձորով։
«Մի օրում ենք հասել թուրքի պոստին։ Էրեխեքը սոված ու ծարավ էին։ Մի սետկա խնձոր էինք վերցրել, էդ խնձորն ուտելով՝ եկանք։ Ես հիմա իմ 11 թոռներին ինչպե՞ս այստեղ պահեմ»,- պատմեց նա։
Բորիկ պապը մեր զրույցի ժամանակ սպասում էր, որ կացարանի համար հաշվառում անցեն։ Մտածում էր երեխաների, թոռների, բայց, ամենաշատը, 83-ամյա եղբոր մասին։ Ասաց՝ եղբայրը պարալիզացված է։ Ցույց տալով քիչ հեռու գտնվող իր մեքենան՝ նշեց, որ նրան երկար չեն կարող ավտոմեքենայում պահել, թեպետ ներքնակներով փորձել են ժամանակավոր լուծումներ գտնել։
Հորաթաղից է նաև Նադյա Սայանը, որն արցախյան բարբառով է մեզ պատմում թե՛ տեսածի, թե՛ լսածի մասին, որին չի ցանկացել հավատալ։
«Ասացին թորքերը եկալն, քշացած կյամն, 2 ժամից տյուս տառեք տներան: Ասեցի սոտա, հվատում չում, քշերվա կեսին հո՞ւնց տյուս կյամ մեր տանան»,-պատմեց նա՝ նշելով, որ իրենց տարել են Դրմբոն գյուղ, հետո ասել, որ պետք է Ստեփանակերտ գնան։
«Ասեցի բա տոն չնք քինամ, ասեցին ո՞ւր, թորքերն արդեն շենումնըն»,- պատմեց Նադյան։
Տնից ոչինչ չեն կարողացել վերցնել, բայց կենդանիներին անտառ բաց թողնել` հասցրել են։ Նադյան պատմում է, որ տղան վերջին վայրկյանին է կենդանիներին բաց թողել անտառ, որ չսատկեն։
Նա ցավով է հիշում Հորաթաղի այգին, 2 հարկանի տունը, ուր անգամ շրջափակման ծանր պայմաններում կարողացել էր ձմռան պաշար հավաքել։
«Դե գիդումս, էս տարե ամեն հինչը պակասա իլյալ: Բլոկադայի մեջ էինք: Բայց ես կանուխ մեսոկ-մեսոկ եր կալածում իլյալ, վարենիք իփալ: Մենակ 20 կգ թոզնի վարենի, մի 15 կգ ջեմում ըրալ։ Տղես ասումար մամ, սաղ հարևաներ քզանա թոզնն օզում, ես էլ ասալում 3 ծառա, թոզնը ծառերը կուտրատումա, հուվ օզումա, հինչքան օզումա, կյա քաղե տանե։ Հարսս 700 դրաման վարունգա առալ, ես էլ փակալուվ, վեր սօր թորքը օտե․․․»,- պատմեց նա։
Նադյայի սիրտը վիրահատված է, միայն դեղերն է վերցրել իր հետ։ 6 երեխա ունի, 4-ը Մոսկվայում են, մեկը՝ Երևանում։ Ինքն Արցախում ապրել է ավագ որդու հետ, որին մշտապես հակառակվել է ու Հորաթախից հեռանալ չի ցանկացել։ Հիմա միասին ապրելու են Երևանում՝ մեծ աղջկա տանը։
Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ արդեն այսօրվա հոգսերը գուցե տարբեր են, բայց նրանց միավորում է կորստի ցավը, որը դժվար թե անցնի, բայց կարող է մեղմանալ իրենց թոռների համար լուսավոր ապագայի հույսով։ Հորաթաղի մեր ավագ զրուցակիցները հաջորդ սերունդներին հայրենիքը չկորցնելու, բռնագաղթի ճանապարհ չտեսնելու պատգամ ունեն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով՝ փրկարարներն աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։
Աննա Բադալյան