Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ԼՂ-ից ՀՀ ժամանածների թվի փոփոխություն չի եղել, բռնի տեղահանված անձանց 99,2%-ը հաշվառվել և նույնականացվել է։
«13․415 անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում։ Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր ԲԿ-ներում տացիոնար բուժում է անցնում 303 անձ, նրանցից 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում են գտնվել 5 երեխաներ»,- ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։