Իտալիայի հայկական միությունները և կազմակերպությունները պաշտոնապես միացել են Հռոմում նախատեսվող խաղաղության նախաձեռնություններին, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Հայերի պատվիրակությունը Պիացցա դելա Ռեպուբլիկա հրապարակից դրոշներով ու պաստառներով մասնակցել է երթին՝ կրկին բարձրաձայնելու համար, որ դատապարտում է յուրաքանչյուր պատերազմ։
Աղբհուրը նշում է, որ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման և տարածաշրջանից ողջ հայ բնակչության բռնի գաղթի կապակցությամբ Իտալիայի հայերն իտալական կառույցներին խնդրում են մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորներին (ներառյալ Արցախի իշխանության ներկայացուցիչներին)։
Իտալիայի հայերը պահանջում են Արցախում հայկական ողջ կրոնական ճարտարապետական ժառանգության մոնիթորինգ, որը վերջին տարիներին ադրբեջանցիների կողմից մշտապես ենթարկվել է վանդալիզմի կամ ծիծաղելի պատմական փոփոխությունների։ Պահանջում են անվտանգության և ազատության երաշխիքներ բոլոր հայերի համար, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց տներ։ Իտալիայի հայերը պահանջում են նաև արգելափակել Ադրբեջանին զենքի վաճառքը։
Իտալական ԶԼՄ-ներին, որոնք վերջին շաբաթներին համարժեք լուսաբանել են շարունակվող ողբերգությունը, հայերը խնդրում են չանջատել լուսարձակները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: