Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Արդյոք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի՞ աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է այս բնիկ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ կյանքն իր հայրենիքում»,- գրել է Արտակ Բեգլարյանը՝ գրառմանը կցելով Սիրանույշ Սարգսյանի հրապարակումը: Վերջինս պատմում է, որ Բամբակաշենի ռեստորանում ապրող 4-ամյա արցախցի Միկայի աչքերը հույսով են լցվել, երբ լսել է հոգեհարազատ արցախյան բարբառը:
«Եկե՞լ ես մեզ տուն տանես»,- հարցրել է փոքրիկը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։