ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելը մեր առաջնահերթությունների ցանկում է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է՝ ի պատասխան Armenia Today-ի հարցին, թե ինչ աջակցության ծրագրեր են նախատեսվում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար։
«Սկսած այդ մարդկանց տեղափոխման հարցերից Երևանի քաղաքապետարանը առաջնային և ակտիվ դերակատարում է ունեցել, և հիմա էլ մեր վարչական շրջաններն ընդունում են դիմումներ, որոնք կառավարության, Կարմիր խաչի հետ համատեղ բավարարվում են։ Կարծում եմ, մենք դեռևս մի քանի քննարկում կունենանք կառավարության գործընկերների հետ՝ ընդհանուր քաղաքականությունը հասկանալու և միասնական քաղաքականություն մշակելու նպատակով»,- նշել է Ավինյանը։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։