Ադրբեջանի սահմանապահներն Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանին որոշակի ժամանակ Հակարիի անցակետում պահել են արգելանքի տակ, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ աղբյուրի՝ Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է Հայաստան, սակայն այդ գործընթացն այդքան էլ սահուն չի անցել: Պարզվել է, որ Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:
«Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում միայնակ, իսկ Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Նրան ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ»,- գրում է աղբյուրը և հիշեցնում, որ վերջին մեկ տարում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությունն ու շփումը հիմնականում ապահովվում էր Ներսիսյանի միջոցով, ինչն էլ, ամենայն հավանականության, իր ազդեցությունն է ունեցել նրան ազատ արձակելու հարցում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայաստան հասնելուն պես Գուրգեն Ներսիսյանը հեռախոսազանգ է ունեցել Արցախի նախագահների հետ և տեղեկացրել դեպքի մասին, որից հետո Ռուբեն Վարդանյանը նույնպես որոշել էր ռիսկի դիմել ու փորձել տեղափոխվել Հայաստան, սակայն դա նրան չէր հաջողվել:
«Մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել պարոն Ներսիսյանի հետ, ով հաստատեց ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու հանգամանքը: Վերջինիս պնդմամբ՝ ինքը այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաններ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար»,- գրում է աղբյուրը։
Գուրգեն Ներսիսյանը հաստատել է նաև, որ Հայաստան հասնելուն պես հեռախոսային խոսակցություն է ունեցել նախկին նախագահներից Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հրաժարվել է զանգի բովանդակության մասին տեղեկություններ փոխանցելուց: Այն հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացել է, թե ոչ, Ներսիսյանը հայտնել է, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել, գրում է աղբյուրը։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։ Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել էր Հանրապետության նախագահ։ Արցախի պետնախարար էր նշանակել Արթուր Հարությունյանը։