Ֆրանսիացի լրագրողներ Պիեռ Սոտրեիլը և Թոմաս Գիշարը մրցանակի են արժանացել «Լեռնային Ղարաբաղի կորսված գծանկարներ․ վտարանդի հայ ընտանիքի հետքերով» խորագրով La Croix Hebdo ամսագրում հրապարակված հոդվածի համար, X (նախկին Twitter) սոցիալական հարթակում գրել է La Croix ամսագիրը:
Հոդվածն արժանացել է Varenne հիմնադրամի «Երիտասարդ լրագրողներ մրցանակ»-ին:
Լրագրողները 44-օրյա պատերազմից հետո անբնակ դարձած Չարեքտար գյուղում ականատես են եղել հապճեպ գյուղից հեռացածների հետքերին՝ հրդեհված տուն, այգու սեղանի վրա վերջին ճաշի մնացորդներ, օղու դատարկ շիշ. մարդիկ նախքան տները վառելը ճաշել էին: Բայց նրանց ամենաշատը տպավորել էին գետնին ընկած, ձեռքով նկարած չորս դիմանկարները: Լրագրողները հարց են տալիս՝ «Ինչպե՞ս եք ընտրում, թե ինչ վերցնել ձեզ հետ»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։