Ադրբեջանցիները վնասել են Շուշիի պատմական գերեզմանատունը, հաղորդում է Caucasus Heritage Watch (CHW)-ը: 2020 թվականի նոյեմբերից ի վեր սա Լեռնային Ղարաբաղի հինգերորդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է։ «Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բուլդոզերները ճանապարհ են բացել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանի դարպասների գերեզմանոց», – գրում է կազմակերպությունը X-ում (նախկինում՝ Twitter): Քանի որ խիտ անտառը ծածկում է գերեզմանատունը, իրավապաշտպաններն օգտագործել են քաղաքի քարտեզներն ու հրապարակումները:
Ըստ CHW-ի՝ ծառերի մեջ գտնվել են հայերեն գրություններով առնվազն 78 տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին։ «Անհասկանալի է, թե քանի գերեզմանաքար է վնասվել, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ թաղումները ընդգրկել են ամբողջ տարածքը»,- նշել են կազմակերպությունից։
CHW-ն հիշեցրել է նաև Մեծ Թաղերի, Սղնախի գերեզմանատների ավերումը, Շուշիի և Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումները։ Իրավապաշտպանների կարծիքով՝ վանդալիզմն ու պղծումը նպատակ ունեն ջնջել հայկական ներկայության հետքը Լեռնային Ղարաբաղում։ «Կանանց ու տղամարդկանց, երիտասարդների ու տարեցների տապանաքարերը պատմում են հարազատության, զբաղմունքի, հավատքի, կարգավիճակի և այլնի մասին: Եվ խնդրում են, որ հանգուցյալները հանգչեն խաղաղությամբ»,- ամփոփել է կազմակերպությունը:
2021թ. Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հայտնել էր, որ Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի:
2022թ․ սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը։ 2022թ. հոկտեմբերին կազմակերպությունն ահազանգել էր, որ ադբեջանցիներն ավերել են Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։
2023թ․ սեպտեմբերի 27-ին Caucasus Heritage Watch-ը հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինվոր կրակել էին Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի ուղղությամբ։