Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման հումանիտար ծրագրի ֆինանսավորման դադարեցման հետ կապված:
«Թրամփի վարչակազմը սասանում է ԱՄՆ-ի հեղինակությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ազնիվ միջնորդի և արգելակում է խաղաղությանը՝ հարձակվելով Արցախում 1,5 միլիոն դոլար արժողությամբ հումանիտար ականազերծման ծրագրի վրա», – ասվում է Կոմիտեի Twitter-յան գրառման մեջ:
Գրառման մեջ նշվում է նաև, որ, միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը ավելի քան 100 միլիոն դոլար գումարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին:
Նշենք, որ մարտի 19-ին Eurasianet-ը հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ծրագիրը ֆինանսավորել է USAID-ն, իրականացվել՝ Halo Trust կազմակերպության կողմից:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ ֆինանսավորման դադարեցումը կապված է դրա ավարտով և ռեսուրսներն այլ առաջնահերթությունների տրամադրելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե որևէ քաղաքական նկատառումով:
Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնն իր հերթին ևս հանդես է եկել վերոնշյալ ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ հաղորդագրությամբ։
«Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին` հնարավոր չեղավ պահպանել ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Արցախին: Թրամփի վարչակազմը որոշել է կրճատել Արցախում ականազերծման ծրագիրը », – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվել է նաև, որ բացի Հայաստանից, Միացյալ Նահանգները միակ երկիրն էր, որն Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում:
Միևնույն ժամանակ, «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար և ՀՅԴ «Դաշնակցություն» Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը InfoPort.am– ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ կառավարության որոշումը՝ օգնությունը դադարեցնելու մասին, դեռ պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսում:
«Ներկայացուցիչների պալատի 70 և ավելի անդամներ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ պետք է անպայման շարունակվի Արցախին ԱՄՆ-ից տրվող օգնությունը և մի բան էլ ավելանա։ Հայ դատի հանձնախումբը շարունակում է այդ ուղղությամբ իր աշխատանքը և կոչ է անում, որ ամերիկահայերը դիմեն իրենց ընտրյալ կոնգրեսականներին, որպեսզի փոխեն գործադիրի այս կեցվածքը», – իրավիճակն այսպես է ներկայացրել Կիրո Մանոյանը։
Ֆինանսավորման դադարեցման մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Новости-Армения» գործակալությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին: «Նա ասել է, որ վերոնշյալի վերաբերյալ հարցում է ուղարկվել Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանին, ինչպես նաև նշել է, որ տեղեկատվություն ստանալուն պես մանրամասները կներկայացնի», – հայտնում է գործակալությունը: