Արցախցիների բռնի տեղահանությունից անցել է 3 ամիս, որի ընթացքում ՀՀ կառավարությունը հայտարարել է աջակցության տարբեր ծրագրերի մասին: Armenia today-ը պարբերաբար հարցումներ է անցկացրել արցախցիների շրջանում՝ հասկանալու համար, թե հրատապ ի՞նչ խնդիրների են բախվել նրանք Հայաստան մուտք գործելուց հետո և արդյո՞ք կառավարության տրամադրած ֆինանսական աջակցությունը բավարար է առաջնահերթ կարիքները հոգալու համար։
Հարցվածները բախվել են կացարանի, առաջին անհրաժեշտության ապրանքների, ֆինանսական խնդիրների, աշխատանք են փնտրում, քանի որ կառավարության հատկացրած դրամական օժանդակությունները բավարար չեն բազմապիսի խնդիրները լուծելու համար։
Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքից Նաիրա Գրիգորյանն ընտանիքի հետ դժվարություններով հասել է Հայաստան, դժվարությամբ տուն գտել, հիմա աշխատանքի փնտրտուքի մեջ են։ Նրա խոսքով՝ կառավարության տրամադրած ֆինանսական միջոցները բավարար չեն տան վարձը, կոմունալները մուծելու, երեխաների ուսման և մյուս ծախսերը հոգալու համար։
Ուսանողուհի Լանա Համբարձումյանը ևս աշխատանք է փնտրում, տան վարձը, ուսման հետ կապված ծախսերը հոգալու համար։ Բայց ամենաշատը զգում է հայրենիքի, հարազատ վայրերի կարիքը։ «Մարդիկ շատ լավն են, բարի են, բայց 21 տարվա իմ բնօրրանը ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել»,- նշում է նա։
Ստեփանակերտից տեղահանված Նախշուն Ավագյանն էլ նշում է, որ աջակցության գումարները չնչին են:«Ստեփանակերտում ստեղծել էի իմը, ապրում էի իմ տանը, իմ վաստակածն ինձ հերիք էր, բայց քանի որ վարձերը երկու-երեք անգամ բարձրացրել են ու մեծ ընտանիքի տուն չեն տրամադրում, բնականաբար նրանց տվածը ոչ մի բանի չի կարող հերիքել»,- ասում է նա:
Տանը երեխայի հետ սեփական փոքրիկ բիզնես հիմնած Լենա Մաթևոսյանն, ընդգծում է, որ սոցիալական աջակցության ծրագրերն ուղղակի ծաղր են. «Շուն ու կատվի խաղն է հիշեցնում. Ուրբաթ չկա շաբաթ կլինի, այս ամիս չկա, մյուս ամիս կլինի: Մարդ կա երեք ամիս հետո մինչև հիմա ոչ մի գումար չի ստացել»:
Էլինա Դոլուխանյանն այն արցախցիներից է, ում ընտանիքը մինչև հիմա աջակցության ծրագրից չի օգտվել, դիմել են պատասխանատու մարմիններին ու մինչև հիմա սպասում են:
Հադրութից տեղահանված Արթուր Սարգսյանի խոսքով էլ, եթե բավարար պայմաններ չստեղծվեն, ամեն ինչ կկորցնենք, քանի որ մարդիկ կարտագաղթեն։