Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փետրվարի 8-ին հանձնարարել է նոր Սահմանադրություն ընդունելու շուրջ պարզել հանրային կարծիքը և ակտիվ մարզային այցելություններ սկսել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ՔՊ-ի որոշ պատգամավորներ մասնավոր զրույցներում խոստովանել են, որ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը դեմ է ցեղասպանության պահանջից և Արցախի վերադարձի երազանքից հրաժարվելու իշխանական մոտեցումներին, ուստի հնարավոր է վերջնական քննարկումներից հետո Փաշինյանը հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտքից` հասկանալով, որ անհնարին է, որ մարդիկ դրան հավանություն տան»,- գրել է «Հրապարակը»։
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ավելի քան 3 ժամ տևած նիստի ժամանակ Փաշինյանը հանձնարարել է նաև ակտիվանալ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ «Տիկտոկում»։
«Իշխանականները որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետևից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են»,- հավելել է «Ժողովուրդը»։
Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։