Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը կոչ է անում խուսափել կեղծ և չստուգված լուրերից, հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: