Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ-ն Գեղարքունիքի մարզում ներդրել է շրջիկ ծառայություն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ գյուղերում, հոկտեմբերի 24-ին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ գյուղերում։
Նախարարությունից հավելել են, որ հոկտեմբերի 25-ին շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի Սաքենիս գյուղում՝ ժամը 10.00-12.00-ն, Լճավան գյուղում՝ ժամը 13.00-15.00-ն։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու մասին որոշմանը։ Լեռնային Ղարաբաղից շուրջ 3 հազար փախստական բռնագաղթից հետո ստացել էր Հայաստանի քաղաքացիություն, այսինքն՝ տեղահանվածների 3%-ից քիչը։ Օգոստոսի վերջի դրությամբ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել մոտ 4300 տեղահանված անձ։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։