Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (СOP29) «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման» մասին ելույթը, որտեղ նա խոսել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ պատերազմի մասին։
Իր խոսքում Ալիևը բողոքել էր «արևմտյան կեղծ լրատվամիջոցներից», Ադրբեջանի գազային պաշարներն անվանել «Աստծո պարգև» և պարծեցել Արցախի դեմ ռազմական հարձակման հաջողությամբ։
«Որպես անկախ ՀԿ՝ մենք պարտավոր ենք պատասխանել Ադրբեջանի նախագահին։ Հայկական հինավուրց տարածքի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանության միջոցով «ինքնիշխանության վերականգնումը» հակասում է միջազգային իրավունքին։ Այն ոչ միայն արդար չէ, այլև, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է»,- գրել է Լեմկինի ինստիտուտը:
Կազմակերպությունը նաև դատապարտել է COP29-ին մասնակցող և Արցախի ու Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի մասին լռություն պահպանած ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Ադրբեջանը միայնակ չի գործել. դա հնարավոր չէր լինի առանց Իսրայելի ռազմական օգնության և ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղսակցության ու հավանության։ Ալիևի ագրեսիան ուղղված է ոչ միայն հայերի, այլև սեփական քաղաքացիների դեմ: Ադրբեջանի կառավարությունը դաժանորեն ցրում է ցույցերը, խստորեն վերահսկում և գրաքննություն է իրականացնում ԶԼՄ-ների նկատմամբ, հետևում է համացանցում առկա քննադատություններին, բանտարկում է ակտիվիստներին, ընդդիմության առաջնորդներին և լրագրողներին, ինչպես նաև դաժան վերաբերմունք է ցուցաբերում բանտարկյալների նկատմամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Ընդգծվել է, որ խտրականությունը, ռասիզմը և այլատյացությունը լայնորեն տարածված են Ադրբեջանում հատկապես թալիշների, լեզգիների, թաթերի և փոքրամասնությունների այլ համայնքների նկատմամբ, որոնց ստիպում են ձուլվել իրենց ինքնության խարանի պատճառով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախի դեմ, որն սեպտեմբերի 20-ին ավարտվել էր Արցախի ամբողջական օկուպացիայով և հայերի զանգվածային բռնի տեղահանմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել է, 42-ը՝ անհետ կորել։ Հայաստանում բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։