Time-ը գրել է Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնի վերածվելու մասին
Հայաստանն սկսել է շարժվել գլոբալ տեխնոլոգիական կենտրոն դառնալու ուղղությամբ, գրում է ամերիկյան Time ամսագիրը՝ մեկնաբանելով Երևանում կայացած Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024)։
«Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը թարմացրել է իր կրթական ծրագիրը՝ ապահովելու STEM մասնագետների կայուն մատակարարում և հարկային արտոնություններ է առաջարկել տեղական գրասենյակներ հիմնող բազմազգ ընկերություններին»,- ասվում է հրատարակության մեջ:
Պարբերականը տրամաբանական է համարել, որ բոլոր կողմերից շրջապատված և դեպի ծով ելք չունեցող երկիրը «դեպի դուրս նայի»: Time-ը Հայաստանը համեմատել է Սինգապուրի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որոնք նույնպես ձգտել են խուսափել խոշոր հարևանների կողմից «կուլ գնալուց»՝ դառնալով բանկային և ներդրումային կենտրոններ, ստեղծելով համաշխարհային կարգի ավիաընկերություններ և հյուրընկալելով միջազգային համաժողովներ:
Հրապարակման մեջ ընդգծվել է նաև սփյուռքի կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում՝ արտասահմանում ապրող մեծ թվով հայերի գործոնն անվանելով երկրի «գաղտնի զենք»։
Եգիպտական Elle Magazine. Հայաստանը նռան ու կանաչ սարերից այն կողմ
Եգիպտական Elle Magazine-ը Հայաստանն անվանել է թաքնված արահետ, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր համար ինչ-որ բան՝ արշավ, բացօթյա զբաղմունք և էքստրեմալ սպորտ:
«Հայաստանն առաջարկում է արվեստի, մշակույթի և բացօթյա արկածների հիանալի համադրություն՝ այն դարձնելով իդեալական վայր ընտանեկան հանգստի և բացահայտումների համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Բրիտանական Yorkshire Times-ը խոսել է Ջերմուկի՝ որպես առողջապահական զբոսաշրջության կենտրոնի մասին
Հայաստանում գեղատեսիլ Ջերմուկը գրավել է բրիտանական Yorkshire Times հրատարակության ուշադրությունը, որը քաղաքն անվանել է առողջապահական և հանգստի տուրիզմի առաջատար ուղղություն։
«Իր բնական գեղեցկությամբ, հարուստ հանքային տաք աղբյուրներով և եզակի սպա-հաստատություններով հայտնի Ջերմուկն առաջարկում է հանգստի, բուժման և մշակույթի յուրահատուկ համադրություն»,- ասվում է հոդվածում։
Ենթադրվում է, որ հանքային աղբյուրներն ունեն հատկություններ, որոնք օգնում են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են մարսողական խանգարումները, մկանային-կմախքային խնդիրներն ու սրտանոթային հիվանդությունները, նշում են հեղինակները:
Հայկական խոհանոցը Vogue ամսագրի գլխավոր էջերում
Լինելով աշխարհի հնագույն երկրներից մեկը՝ Հայաստանն այժմ ակտիվորեն կերտում է իր խոհարարական ապագան։ Ամերիկյան Vogue ամսագիրը խոսել է կին խոհարարների մասին, ովքեր նոր հորիզոններ են բացում հայկական խոհանոցում։
«Հայկական խոհանոցը նշում է հնագույն մշակույթը, հարուստ ժառանգությունը և բնական գեղեցկությունը»,- գրում է հեղինակ Ջեսիկա Յունգբաուերը։
Նա հանդիպել է հայկական խոհանոցի վերաիմաստավորման առաջին շարքերում կանգնած կանանց հետ։ Vogue-ի հետ զրույցում տեղական գաստրոնոմիայի զարգացման նոր միտումների մասին են խոսել «Ծաղկունք» և «Գլխատուն» ռեստորանների շեֆ-խոհարար Արևիկ Մարտիրոսյանը , «Կճուճ» և «Թավա» ռեստորանների սեփականատեր Վարդա Ավետիսյանը, «Արմ Ֆուդ Լաբ» ընկերության հիմնադիր Անի Հարությունյանը, «Ին Վինո» գինու բարի համասեփականատեր Մարիամ Սաղաթելյանը, Միքայելյանների ընտանիքի ֆերմայի գլխավոր պանրագործ Մարինա Շաքարյան-Միքայելյանը։
Հայաստանը ներառվել է National Geographic-ի պարտադիր այցելությունների վայրերի ցանկում
National Geographic-ը Հայաստանը ներառել է մինչև տարեվերջ պարտադիր այցելությունների ուղղությունների ցանկում և խոսել երկրի զբոսաշրջային ներուժի մասին։ Հոդվածի հեղինակ Էմիլի Լուշի կարծիքով՝ Հայաստանն ամենաշատը գրավում է արկածախնդրության և մշակույթի սիրահարներին։
«Այստեղ դուք կարող եք ժայռամագլցում կատարել Նորավանքի կիրճում, բայդարկա վարել Ազատի ջրամբարում և ուսումնասիրել Վայոց ձորի գինեգործարանները»,- գրել է նա։
Լաշը նշել է, որ մշակութային մայրաքաղաքում` Գյումրիում, կան բազմաթիվ արվեստի պատկերասրահներ և արհեստանոցներ, որոնք ցուցադրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ավանդական արհեստները:
Արաբական Khaleej Times-ը Հայաստանն անվանել է ԱՄԷ քաղաքացիների սիրելի վայր
Khaleej Times ամսագիրը գրել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին և երկիրն անվանել Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների սիրելի ուղղություններից մեկը։ ԱՄԷ բնակիչները զբաղեցնում են հինգերորդ տեղն ամենահաճախ այցելող զբոսաշրջիկների շարքում։ Էմիրաթի բնակիչներին գրավում է այն արկածն ու հանգստությունը, որն առաջարկում է Հայաստանն ամռանը:
«Անկախ նրանից, թե դա լեռներում թաքնված հնագույն վանքեր հայտնաբերելն է, թե պարզապես ավելի զով եղանակը վայելելը, Հայաստանն առանձնանում է որպես կատարյալ ամառային վայր նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել անապատի շոգից»,- ասվում է հրատարակության մեջ:
Forbes Russia-ն անդրադարձել է հայ հայտնի գյուտարարներին
Forbes Russia-ն գրել է ռուս գրող Թիմ Սկորենկոյի «Mars Rover. Ակորդեոն. MRI. հայ գյուտարար մտքի պատմություն» գրքի մասին և խոսել հայ գյուտարարների ամենաանսպասելի հայտնագործություններից։
«Ստացված աշխատանքը դետեկտիվ պատմություն է հիշեցնում, սյուժեներից շատերն այնքան խճճված են: Սփյուռքի ներկայացուցիչների կողմից անուն-ազգանունների փոփոխությունը չի հեշտացրել հետազոտողի աշխատանքը. գրքի հերոսների զգալի մասը թուրքերի կողմից ստիպել էին փախչել Հայոց ցեղասպանության ժամանակ՝ հաստատվելով Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր»,- ասվում է հրապարակման մեջ։
Սկորենկոն հայկական ամենաանսպասելի հայտնագործությունն անվանում է Վիեննայում ապրող ռումինահայ Կիրիլ Դեմիանի ստեղծած ակորդեոնը, ինչպես նաև շնչառական կառավարվող գրամեքենան, որը հորինել է ուղեղային կաթվածով տառապող և Կոլումբիայի համալսարանն ավարտած Էմիկ Ավագյանը։
Analog Planet-ը Տիգրան Համասյանի ալբոմն անվանել է «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն»
Երաժշտական քննադատների Analog Planet պորտալը գրել է հայ ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի The Bird of a Thousand Voices ալբոմի մասին և այն անվանել «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն» և այն անվանել «առաջադեմ հոգևոր ճանապարհորդություն»: Ալբոմը «ներշնչված է հին հայկական լեգենդից, որտեղ հերոսը ճամփորդում է անտեսանելի տարածքներ՝ գտնելու և հետ բերելու մի առասպելական թռչուն, որի հազար տարբեր երգերը արթնացնելու են մարդկանց և կրկին ներդաշնակություն բերեն աշխարհին»:
«Ես իսկապես հիանում եմ Համասյանի նման արտիստներով, ովքեր կարողանում են հեշտությամբ անցնել երաժշտական ժանրերի սահմանները՝ համատեղելով անցյալի և ներկայի գաղափարները, որը հնչում է որպես ապագայի երաժշտություն: Իսկապես, սա, այսպես կոչված, ջազ ֆյուժն և պրոգրեսիվ ռոքի գրավչություններից մեկն էր իր վաղ փուլերում, երբ արտիստները հմտորեն միախառնում են դասական երաժշտությունը, ջազը, ռոքը, երգչախմբային և ժողովրդական արվեստը յուրահատուկ միաձուլման մեջ»,- գրում է քննադատ Մարկ Սմոտրոֆը։