ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու Սամարայի Ս. Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտահետազոտական խմբերը համատեղ մշակելու են նոր միասնական ծրագրակազմ, որը թույլ կտա դաշտային պայմաններում ինքնավար կերպով վերլուծել արբանյակներից կամ անօդաչու թռչող սարքերից ստացված թվային պատկերները՝ առանց մարդու միջամտության և առանց ցամաքային համակարգչային սարքավորումների, նեյրոնային ցանցերի ու տվյալների բազաների ներգրավման: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Պատկերների տեքստուրային հատկությունների հետ համաձայնեցված ինֆորմատիվ հայտանիշների հավաքակազմի ձևավորման արդյունավետ հաշվողական ընթացակարգերի կառուցում» գիտահետազոտական ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին և ֆինանսավորման է երաշխավորվել «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի արդյունքում, որն իրականացվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (РФФИ) համատեղ ծրագրերի աջակցությամբ:
Հետազոտության արդյունքում նպատակ ունենք տեքստուրաների համապարփակ մաթեմատիկական նկարագրության շնորհիվ մշակել ալգորիթմներ, որոնք թույլ կտան ապահովել թռչող սարքերից, արբանյակներից ստացված պատկերների վերլուծությունը ոչ թե այլ պատկերների հետ համեմատության, նեյրոնային ցանցերի և բարդ դասակարգիչների միջոցով, ինչպես դա արվում է ներկայում, այլ տվյալ պատկերի տեքստուրայի ինքնավար ճանաչման և դասակարգման հիման վրա»,- ասել է ծրագրի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը:
Հայ-ռուսական համագործակցությունը տվյալ ոլորտում թույլ է տալիս կատարել աշխատանքի արդյունավետ համաձայնեցում` արբանյակային և տիեզերական հիպերսպեկտրային տեխնոլոգիաների ոլորտում առկա հսկայական տվյալների բազաները հասանելի դարձնելով հայ գիտնականների համար: Ծրագրի ռուսաստանյան կողմի հաղորդմամբ` երկկողմ համագործակցության արդյունքում ակնկալվող լուծումը լուրջ նախադրյալներ է ստեղծում թեթև անօդաչու թռչող սարքերի վրա տեղակայվող շարժական հիպերսպեկտրաչափերի ստեղծման համար: