Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որը կտևի 2021-2027 թվականները:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա հայ գիտնականներին հնարավորություն կտա մասնակից լինել միջազգային մակարդակի հետազոտությունների, բացի այդ, ծրագիրը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտի, ստարտափների և փոքր և միջին ձեռնարկատիրությունների աջակցության համար:
Նա նշեց, որ գործընթացը սկսվել է 2016 թվականից՝ «Հորիզոն 20-20»-ին ՀՀ-ի մասնակցությամբ: Այս ծրագրին բարձր մասնակցություն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն կատարելու է իրազեկման ակտիվ աշխատանք, անդամության ամենամյա վճարը կարվի ՀՀ պետական բյուջեից՝ գիտության ոլորտին հատկացվող միջոցների հաշվին:
Նախարարը հստակեցրեց, որ հայ գիտնականների առաջարկած ծրագրերը կարող են ֆինանսավորվել ԵՄ-ի աջակցությամբ, որոնք շոշափելի գումարներ են: Նա նաև նշեց, որ առաջին և երկրորդ տարիներին անդամակցության գումարը կազմում է 550 000 եվրո, սակայն ԵՄ գործընկերների հետ պայմանավորվածության համաձայն՝ 50 տոկոսը վերադարձվելու է, իսկ երրորդ տարվանից սկսած կարող է վերանայվել անդամավճարը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ «Հորիզոն 20-20»-ի ժամանակ հայ գիտնականների շատ հետաքրքիր և նորարական նախագծեր մերժվել են միայն այն պատճառով, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել հայտերը ճիշտ լրացնելու հետ կապված: Հետևաբար պետք է աշխատել այն ուղղությամբ, որ այդ հայտերը պատշաճ լրացվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ուրախալի է, որ ուսուցիչների ատեստավորման ժամանակ լավագույն բալեր ստացել են մաթեմատիկայի մասնագետները, դա նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտում կա մեծ պոտենցիալ: