Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցրել Henley & Partners ընկերության կազմած անձնագրերի ինդեքսում:
Ըստ վերջին ցուցանիշների՝ 2020 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ Հայաստանի անձնագիրը 80-րդ տեղում է։ Քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 63 երկրներ:
Համաձայն ինդեքսի՝ առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են աշխարհում առանց վիզայի այցելել 191 ուղղությամբ: Սինգապուրը 190 երկրների ցուցանիշով զբաղեցնում է 2-րդ տեղը։ Հարավային Կորեան և Գերմանիան զբաղեցնում են 3-րդ տեղը (189 ուղղություն):
Նշենք, որ 2020 թվականի հունվարին Հայաստանի անձնագիրը զբաղեցրել է 81-րդ տեղը ՝ 2019 թվականի ընթացքում ամրապնդելով իր դիրքերը 3 կետով։
Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսն իրենից ներկայացնում է երկրների միջազգային վարկանիշը՝ ըստ ազատ տեղաշարժի մակարդակի, որը նրանք տրամադրում են իրենց քաղաքացիներին:
Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, ինդեքսը վերլուծում է ավելի քան 200 երկրների և տարածքների վիզային կանոնները և դասակարգում դրանք առանց մուտքի արտոնագրի երկրների քանակով: Վերոնշյալ վարկանիշում երկրի դիրքը որոշվում է այն երկրների քանակով, որտեղ նրա քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի նախնական ձևակերպման (առանց վիզայի կամ վիզայով ժամանելիս)։