Նախագահ Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Բարձր կոչումների արժանացած զինվորականներին նախագահը հանձնել է գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ:
«Դուք գեներալի կոչման եք արժանացել անցած երկար ու դժվարին ճանապարհի համար։ 2020 թվականի հուլիսի 12-ից հետո մենք կրկին այլ կերպ ենք ընկալում զինվորականի ու հայրենիքի պաշտպանի դերը, նրանց աշխատանքն ու ծառայությունը, հայրենիքի համար կյանքը նվիրաբերելու նրանց պատրաստակամությունը»,- նշել է նախագահը։
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել:
Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորը խաղաղարար է ու խաղաղապահ։ Բայց նրանք ցանկացած պահի պատրաստ են և կարող են հաղթել թե՛ ցանկացած մարտում, թե՛ պատերազմում։
«Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն,- ասել է Արմեն Սարգսյանը։ -Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները։ Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»,- նշել է Արմեն Սարգսյանը։