Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության հետ, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ։ Այս մասին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ՝ օգոստոսի 6-ին, ասել է «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում։
Թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից, մասնավորապես Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ելույթներից, հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը բացառել է ազատ խոսքը ճնշելու սցենարը։
«Մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը, եւ կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։ Այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է։ Առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ Նախկինում էլ մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր՝ սեփական օրակարգով պայմանավորված, այդ հայտարարությունն արել են, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այսօր կառավարությունն ունի որեւէ խոսք ճնշելու խնդիր, այլ ուղիղ հակառակը՝ քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են ավելի, քան երբեւէ։