Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: Ազդարարվել է «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ չորս համայնքների բնակիչներին։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և պատրաստակամության համար: Մարզպետը կարևորել է ստեղծված համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այս ծրագիրը կարևոր խնդիրներ կլուծի:
«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։
Նշվում է, որ առողջության կենտրոնի հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։