Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։
Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։
Բուհի ուսումնական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ-ն միակ ՊՈԱԿՆ է, որ արդեն 2 տարի ռեկտոր չունի՝ ունենալով մոտ 600 դասախոս և գրեթե 6000 ուսանող։
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս կառավարության մոտ է՝ աջակցելու ակցիայի մասնակիցների օրինական պահանջին։
«Ես ևս այդ կոլեկտիվի անդամ եմ. համալսարանը չի կարող անորոշության մեջ մնալ։ Պետք է ճիշտ որոշումներ կայացվեն։ Այս անորոշությունը բուհի գործունեության վրա բարերար ազդեցություն չի թողնում։ Ես այն նախարարություն եմ ուղղել, ասել են՝ խնդիրը կքննարկենք։ Ի՞նչ խնդիր է. խնդիր կա՝ լուծում տվեք»,- նկատեց պատգամավորը։
Կառավարությունում՝ քաղաքացիների բողոքների բաժնում, տեղի ունեցած կարճատև հանդիպումից քիչ անց ցուցարարները հայտարարեցին, որ վերադառնում են համալսարան և կսպասեն իրենց հարցերի պատասխանին, որից հետո կորոշեն հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Ռեկտորի պաշտոնում 22 ձայնով ընտրվել է Դիանա Գալոյանը։ Հենց նույն օրը զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել: