ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության և ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփանի ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և հայտնեց, որ գործադիրը միջոցներ է գործադրում մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների սոցիալական գովազդն ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:
«Հիմնական նպատակը ոլորտին առընչվող գովազդի մասին, ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքներում և Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»,- պարզաբանեց փոխնախարարը։
Նա ևս մեկ անգամ հստակեցրեց, որ գովազդից ստացվող ֆինանսական հոսքերի վերահսկողությունն այսուհետ իրականացնելու են բոլոր համայնքները։
Հիշեցնենք, որ գործող իրավական նորմերով նման լիազորություններ ունի միայն Երևան համայնքը։