Moody’s ազդեցիկ միջազգային վարկանիշային գործակալությունը, գործող ընթացակարգերի շրջանակներում, հաստատել է ընկերության վարկանիշը (corporate family rating – CFR) Ba2, որն այս տարի տրվել է Տաշիր ընկերությունների խմբի մաս կազմող Հայաստանի էլեկտրական ցանցերին։
Վարկանիշն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում և մեկ միավորով բարձր է Հայաստանի սուվերեն վարկանիշից (Ba3):
Վարկանիշը նշանակելիս հաշվի են առնվել այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են սակագնի կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի վերականգնման երկարաժամկետ մեխանիզմները և համակարգված ներդրումները, վերջին տարիներին ընկերության կողմից ձեռք բերված ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը և բարձր եկամտաբերության կանխատեսումները, լավ ֆինանսական ցուցանիշները, կարգավորողի անկախությունը կառավարությունից, կայուն կարգավիճակը և երկրի էլեկտրաէներգիայի շուկայում զարգացման հեռանկարները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ուղղությամբ: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ընկերությունը երկրում միակն է, որի հետ մնացած բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն գործարքներ իրականացնել էլեկտրաէներգիայի առքի կամ վաճառքի համար:
Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի, հանդիսանում է խոշորագույն հարկատուներից մեկը և ամենամեծ գործատուն երկրում:
Հիշեցնենք, որ «Տաշիր գրուպ»-ը և «Ինտեր ՌԱՕ գրուպ»-ը 2015 թ. Ստորագրել են համաձայնագիր Հայաստանում էլեկտրաէներգիայի ակտիվների առքուվաճառքի մասին, համաձայն որի «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ ստանձնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման պատասխանատվությունը: