Շչերբինսկիի վերելակների գործարանը պայմանագիր է կնքել վերելակների փոխարինման պետական ծրագրի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաք վերելակներ մատակարարելու համար, գրում է «Վեդոմոստի» թերթը:
Աղբյուրը նշում է, որ համաձայն պայմանագրի՝ Երևան է մատակարարվել 54 վերելակ:
«Երևան վերելակների մատակարարման պայմանագիրը ստորագրվել է մրցույթի արդյունքներով»,- ասել է գործարանի գլխավոր տնօրեն Անտոն Արտեմևը՝ հավելելով, որ նախատեսվում է բազմաբնակարան շենքերի հնացած վերելակները փոխարինել նորերով։
ՇՎԳ վերելակները կօգտագործվեն Երևանի բոլոր 12 թաղամասերի ավելի քան 50 բազմաբնակարան շենքերում փչացած վերելակների փոխարինման համար:
Գործարանը հիմնադրվել է 1943 թվականին: Ընկերությունը վերելակների սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն է Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքի «երկնաքերերում» 500 հին վերելակ պետք է փոխարինվի նորերով: 5 մլրդ դրամ արժողությամբ 500 վերելակ գնելու մրցույթն ավարտվել է 2020 թվականի ամռանը, որից հետո սկսվել է դրանց տեղադրման գործընթացը: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է համաֆինանսավորման և կառավարության սուբսիդավորման ներքո:
Քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր Երևանում գործում է ավելի քան 4,4 հազար վերելակ, որոնց մեծ մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և պետք է փոխարինվի նորերով, քանի որ դրանց ծառայության ժամկետը 25 տարի է: