Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ երիտասարդ աղջիկը, մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական П 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ.-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ.-ն։ Վերջիններս ամուսիններ են։