Արդեն մի քանի տարի է՝ Ֆրեզնոյից ժամանած հայազգի բժիշկները «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հետ համատեղ բժշկական օգնություն են ցուցաբերում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին։ Հայերին օգնելու հարցում նրանց են միացել նաև ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից մասնագետներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերի քաղաքացիներին։
Այս տարի Հայաստան ավելի շատ եկել են ֆիզիոթերապևտներ։ Նրանք եկել են օգնելու՝ վերականգնելու Արցախյան 44 օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների առողջությունը։ Այդ նպատակով այցելել են Արմավիրի մարզի Քարակերտ համայնք։
Բժիշկ Ջոն Փաթմնը միշտ լսել է Հայաստանի և հայերի հյուրասիրության մասին։ Երբ իմացել է՝ կարող է օգնության ձեռք մեկնել հայերին, առանց վարանելու Միչիգանից այստեղ է հասել։
«Զինվորները հիմնականում ստացել են բեկորային վնասվածներ, մի մասը նաև ոտք ու ձեռք են կորցրել։ Հիմա աշխատում եմ, որ թերապիաների միջոցով կարողանան շարժել վերջույթները։ Ես նաև քաղաքացիներին եմ բուժում։ Այցելում եմ գյուղեր։ Նկատել եմ, որ գյուղում ապրող մարդիկ դժգոհում են հիմնականում մկանային և մեջքի ցավերից։ Դա նրանից է, որ շատ են ֆիզիկական աշխատանք կատարում։ Սովորեցնում եմ, որ հնարավոր է մարզանքների միջոցով այդ խնդիրը լուծել»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ից ժամանած բժիշկը։
Արա Սողոմոնյանը հինգերորդ անգամ է բժշկական առաքելությամբ մեր երկրում։ Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմը քայքայել է շատերի առողջությունը․ մադիկ նյարդային են դարձել։
«Բավականին շատ են շաքարային դիաբետով տառապող հիվանդները։ Մեծ մասը նյարդային առողջության հետ խնդիրներ ունեն»,-նշեց մասնագետը։
Բժիշկները Հայաստանում կմնան այնքան ժամանակ, մինչև պատերազմում վիրավորված զինծառայողներն ապաքինվեն։
Ծիրագիրը շարունակական է լիելու։ Արտասահմանցի բժիշկներն ամեն տարի այցելելու են մեր երկիր, ինչպես մասնագիտական փորձ փոխանցելու հայ մասնագետներին, այնպես էլ օգնելու լուծելու քաղաքացիների առողջական խնդիրները։