Գևորգ Գրիգորյանի ընտանիքն արդեն գրեթե 7 ամիս է՝ ամեն երեկո գնում է Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելության։ Այս անգամ, որպես բացառություն, միայն հայրն է գնացել․ մայրը մնացել է՝ մեզ հետ որդու մասին զրուցելու։
«Ամեն օր աշխատանքից հետո գնում ենք, մինչև գիշերվա ժամը մեկը-երկուսը, երբեմն նույնիսկ ավելի երկար մնում, մանավանդ հիմա ամեն օր մեկի տարին է։ Եռաբլուրում բոլորս բոլորին արդեն ճանաչում ենք»,- ասում է Գևորգի մայրը՝ Քնարիկ Գրիգորյանը։
Տանը, բացի մայրիկից, նաև Գևորգի ավագ քույրն է՝ Սառան, մորաքույրը՝ Լիլիթը և Զիզի անունով աշխույժ շունը, որին դեռ ձագ եղած ժամանակվանից պահում էին Գևորգը և Սառան։ 93-ամյա Ալբերտ պապը, սենյակի անկյունում նստած, լուռ հետևում էր մեր զրույցին, Գևորգից խոսել չկարողացավ․ մեկ-երկու բառից հետո հուզմունքն ընդհատեց միտքը։
Գևորգ Գրիգորյանը բանակ էր զորակոչվել 2019 հուլիսին, ծառայում էր Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ Վերջին անգամ տեսակցել է ընտանիքին 2020թ․-ի հունվարին` Գյումրուց արձակուրդ եկած օրերին, որից հետո հունվարի 10-ին մեկնել է Արցախ` Հադրութի գնդի հակատանկային մարտկոցում որպես կրտսեր սերժանտ շարունակելու ծառայությունը։ Սեպտեմբերի 25-ից Գևորգը մարտկոցի հետ գտնվել է դիրքերում և պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանել Կարախանբեյլի գյուղի մոտ գտնվող դիրքերը:
«Պատերազմի օրերին զանգեց ասեց՝ մամ, չէի պատկերացնի, որ կդառնամ մարդասպան։ Ասեցի՝ բալես, դու մարդասպան չես, պատերազմ ա, դու թշնամի ես ոչնչացնում»,- պատմում է տիկին Քնարը ու շարունակում,- «Գևորգի մարդկային ընկալումները շատ ուրիշ էին, զգայուն էր ամեն ինչի նկատմամբ, անտարբեր չէր կարող անցնել մուրացիկների, փողոցային կենդանիների կողքով»։
Գևորգը յոթ տարեկանից զբաղվում էր «Ձյոսինմոն սյորինրյու» կարատեով, հայրը՝ Սերգեյը, դեռևս խորհրդային տարիներին նույնպես զբաղվել է այն ժամանակ արգելված մարտարվեստի այդ ձևով: Գևորգի՝ կարատեի մրցումներից ստացած բազմաթիվ մեդալները ու պատվոգրերը շարված են սեղանին: Վերջինը ստացել է 2019թ․ ապրիլին 20-ին, Կալուգա, առաջին տեղ։
«Լինելով ֆիզիկապես ամուր, կամային՝ դրա հետ մեկտեղ չէր կարողանում տանել բռնությունը, պատերազմները։ Ասում էր՝ ոնց կարան աշխարհում մարդիկ իրար սպանեն, պատերազմեն, ու դա լինի նորմալ, ու դա դառնա մասնագիտություն: Չէր հարմարվում զինծառայության կանոններին, միշտ իրենից ավելի թույլերի կողքին էր ու հաճախ հենց դրա համար էլ խնդիրներ էր ունենում»,- ասում է տիկին Քնարը ու ավելացնում, որ այդ ամենի հետ մեկտեղ իրեն վստահած զենքին՝ ֆագոտին, տիրապետում էր ամենայն մանրամասնությամբ։ Ծառայակիցները պատմում են, որ հաճախ հենց Գևորգին էին օրինակ բերում ուսումնական վարժանքների ընթացքում՝ որպես զենքին լավ տիրապետող:
Պատերազմի ժամանակ Գևորգը միայն հորն է պատմել, որ տանկեր է խոցել, հետո նաև ծառայակից ընկերներն են հավաստում, ստույգ չեն հիշում, թե կոնկրետ քանիսը, պատերազմի ժամանակ ոչ ոք չի հաշվել։
Մեկ ամիս պատերազմելուց հետո՝ հոկտեմբերի 27-ին, հակատանկային մարտկոցը ստանում է նահանջի հրաման, նեղ միջանցքով զորքը նահանջում է դեպի Մարտունու Կաղարծի գյուղ:
«Էդ օրերին, որ զանգեցի, էդ նահանջից շատ կոտրված ու բարկացած էր, ասաց՝ ով էլ որ ասի Հադրութը հանձնել ենք, չհավատաս։ Ինքն էդպես տխուր պատերազմի օրերին ոչ մի անգամ չէր եղել: Բայց հետո, երբ հասնում են Կաղարծի, տեսնում է տարբեր դիրքերից ողջ-առողջ ծառայակից ընկերներին, որոնց հետ կապ չէր եղել էդ ընթացքում, շատ է ուրախանում, զանգել էր տրամադրությունը բարձր ու պատմում էր»,- ասում է մայրը։
Հոկտեմբերի 30-ին հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանին հատուկ առաջադրանքով ուղարկում են Հերհեր-Ճարտար դիրքեր, ասում են՝ իր հետ մեկնող ևս երկու հոգու ընտրի։ Դավիթը, հասկանալով առաջադրանքի վտանգավորությունը, ասում է, որ ոքի չի կարող ասել։ Այդ ժամանակ ինքնակամ Դավիթին են միանում Գևորգ Գրիգորյանը և Հակոբ Սարգսյանը։
Վերջին անգամ Գևորգը ընտանիքի հետ խոսել է նոյեմբերի 1-ին, այդ գիշեր տանկային հարձակումը կանխելու ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են Գևորգ Գրիգորյանը, Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը և այդ պահին դիրքին մոտեցած Կարեն Բադոյանը, Հակոբ Սարգսյանը ծանր վիրավորվել է:
Դեպքի մանրամասները Հակոբը լավ չի հիշում, ասում է միայն, որ այդ գիշեր իրենք երկու տանկ են խոցել, երրորդը խոցելու ժամանակ ԱԹՍ-ն հարվածել է դիրքին, այդ դեպքի մասին նրա հիշողություններն այսքանն են։
Ակտիվ հրետակոծության պատճառով Գևորգի և Դավիթի մարմինները այդ պահին հնարավոր չի լինում դուրս բերել։ Տղաների աճյունները տարածքից դուրս են բերում նոյեմբեր ամսին։ Շնորհիվ գրպանում եղած փաստաթղթերի՝ Դավիթի աճյունը մի քանի օրվա ընթացքում նույնականացվում է։
Գևորգի ընտանիքը որդու աճյունը գտնելու համար մոտ 5 ամիս փնտրել է։
«Մարտի տասնինն էր, ինձ զանգեցին, ասեցին՝ վաղը մոտեցեք Հերացի։ Էդ պահին ես տեղումս քարացա, հարցրի՝ նորություն կա, ասեցին՝ մոտեցեք, ձեզ կասեն»,- պատմում է Քնարիկ Գրիգորյանը։
Գևորգի ինքնությունը հաստատվում է, դրանից երկու օր հետո նրան հուղարկավորում են Եռաբլուրում։
Տանը քիչ են Գևորգի լուսանկարները, մայրը պատմում է, որ Գևորգը ծառայության ժամանակ ասում էր, որ չի ուզում զինվորական համազգեստով լուսանկար ունենալ։
«Զոհվածների ծնողները հուշանկյուններ են պատրաստում, նկարներ են կախում, բայց մենք չկարողացանք։ Եռաբլուրում էլ իր գերեզմանաքարի վրա նկար չենք պատկերել։ Չգիտեմ, չենք կարողանում նայել իր նկարին, չենք համակերպվում, որ ինքը չկա, դժվար է»,- ասում է մայրը։
Գևորգը Հադրութի գնդի հակատանկային մարտկոցի 6 զոհված զինծառայողներից միակն է, որ չի պարգևատրվել, մինչև այսօր Գևորգի ընտանիքին ո՛չ զորամասից, ո՛չ զինկոմիսարիատից ոչ ոք չի այցելել։
Hetq.am.