Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրեր։ Այդ մասին քաղաքապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նա շեշտել է, որ իրենք մանկապարտեզները հիմնանորոգում են, այլ ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ իրականացնում:
Մարությանը հավելել է, որ ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և երեխաների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:
Քաղաքապետը հիշեցրել է նաև, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ են հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ դոնոր կառույցների հետ են հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ: