Արցախից տեղահանված բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօրվա ակցիայի պատճառը նաև սոցիալական հարցերն են, որոնց բախվում են բնակիչները։
«Բացի այդ կառավարությունից փախստականի կարգավիճակ ենք պահանջում, բայց հարցը լուծում չի ստանում։ Ժողովրդին տեղյակ չեն պահել օժանադակությունը կտրելու մասին, իսկ զանգերին սոցապնախարարությունում էլ չեն պատասխանում։ Երևի ժողովրդի վիճակը չի հետաքրքրում»,- ասաց նա։
Անդրադառնալով առաջիկայում նախատեսվող 25 հազար դրամ աջակցությանը՝ նա նշեց, որ դա բավարար չէ ապրելու համար․ «Առաջին ձմեռն է գալիս ու մեկ շնչին 25 հազար դրամ են տալիս։ Հիմա ով չի հասկանում, թե որքան արժե կյանքը Երևանում։ Մարդիկ պետք է իրենց ապրուստը հոգան, հագուստ առնեն, այլ հոգսերին լուծում տան»։
Անդրադառնալով պաշտոյաների՝ Արցախ վերադառնալու կոչերին՝ նա շեշտեց, որ դրա համար իշխանությունները նախ պետք է պայմաններ ստեղծեն։ Նա օրինակ բերեց երեկվա դեպքը, ըստ որի՝ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով մեկ քաղաքացի մահացու վիրավորում էր ստացել, կան նաև վիրավորներ։
«Մարդուն ուղարկում են թշնամու քթի տակ աշխատելու, գոնե մի զենքով մարդ չեն դնում հետը։ Հաբրգած թշնամին էլ անմեղ ժողովրդին տեսնում՝ խփում, սպանում է։ Այս պայմաններում մեզ մոտ կան պաշտոնյաներ, որոնք ասում են՝ թուրքի հետ պետք է համակերպվես»,- ասաց նա։
Նշենք, որ Արցախից տեղահանվածները պարբերաբար ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության ու տարբեր կառույցների առաջ ու իրենց պահանջներն են ներկայացնում։