Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ինչպես նաև «Ucom» ընկերությունը հանդես են եկել հայտարարություններով։
«Սահմանային իրավիճակի հետ կապված հնարավոր է հակառակորդ երկրի կողմից տարածվող կեղծ տեղեկությունների ուժգնացում համացանցում։ Հնարավոր է հաղորդագրություններ տարածվեն հայկական համարների, սոցիալական ցանցերի ու մեսենջերների միջոցով։ Հորդորում ենք զգոն լինել, չտրվել թշնամու սադրանքներին, անծանոթ համարներին տեղեկություններ չփոխանցել։ Էլհասցեներում ու սոցիալական ցանցի էջերում միացրեք երկփուլանի վավերացումը էջերը պաշտպանելու համար։ Զերծ մնացեք անծանոթ հղումներով անցնելուց ու անձնական և այլ տվյալներ փոխանցելուց»,- ասված է գործակալության հայտարարության մեջ։
«Ucom» ընկերության հայտարարության մեջ ասված է․
«Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։
Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։ Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։
Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն»։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, գերեվարվել է 12 զինծառայող։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։