Վանո Սիրադեղյանի կնոջ և որդու քնանրկումներ ենք ունեցել, նրանց հետ համաձայնության ենք եկել և որևէ առարկության չկա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը՝ կապված Վանո Սիրադեղյանին Պանթեոնում չհուղարկավորելու որոշման վերաբերյալ արձագանքներին։
Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանն իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է եղել։ Միևնույն ժամանակ՝ Վ․ Խաչատրյանը զերծ մնաց պատասխանել այն հարցին, թե հատկապես վերջին երեք տարիներին ինչու Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան։
Հիշեցնենք, որ տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին: Նշենք՝ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Հավելենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։ Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ: Վանո Սիրադեղյանը մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով։ Նա հեռացել էր երկրից, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
Մանրամասները՝ տեսանյութում։