«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն այս պահի դրությամբ ունի 4660 շահառու, որից 4243-ն ավելացել է 44-օրյա պատերազմի հետևանքով և դրանից հետո: Նշված շահառուներից զոհված են 3986-ը, անհայտ բացակայող է հանդիսանում 98 շահառու, հաշմանդամություն ձեռք բերած շահառուների թիվը 576 է։
Այս մասին այսօր նշել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը՝ հայտարարելով, որ հիմնադրամը 2017-ից ի վեր կատարել է 53.6 միլիարդ դրամի հատուցում:
«Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել: Թե որքան կավելանա շահառուների թիվը, կդժվարանամ կոնկրետ ասել, սակայն մոտավոր հաշվարկներով կարող է լինել 200-250 դեպք՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ»,-նշել է Սմբատ Սաիյանը:
Հիմնադրամը 10 միլիոն դրամ է տրամադրում զոհված ու անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին։ Հիմնադրամը տրամադրում է միանվագ 5 միլիոն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100 հազար-200 հազար դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով: