ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։
«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Փարաքարում իրավիճակն առավոտից կրկին սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Վոլոդյա Գրիգորյանն ու ՔՊ-ի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը իրենց համարում են խոշորացված Փարաքար համայնքի ղեկավար։
Համայնքապետարանի շենքի մոտ ոստիկաննները Վոլոդյա Գրիգորյանին թույլ չին տվել մտնել շենք՝ ավագանու նիստ անցկացնելու համար, որտեղ նա պետք է երդմնակալության արարողության լիներ։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ և ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը կոչ արեց երթ կազմակերպել։ Ավելի ուշ ոստիկանները բացեցին համայնքապետարանի մուտքը։