Սուրբ Ծնունդը քրիստոնյաների ամենասիրած տոներից է: Հայաստանում այն նշվում է ըստ հին հայկական տոնացույցի՝ հունվարի 6-ին:
Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նախորդում է վեցօրյա պահքի շրջանը, որը կոչում ենք մաքրման շրջան, երբ մարդիկ մարմնապես և հոգեպես ազատվում են բացասական սովորություններից: Ըստ ավանդության՝ Հայաստանում ընդունված էր դատարկել տան բոլոր իրերը, այնուհետև խնկարկել բնակարանը և մոտակա սրբավայրից բերված կեչու ծառի ճյուղերով զարդարելուց հետո տան իրերը մաքրել և դնել իրենց նոր տեղում: Մեծ տեղ է զբաղեցրել Սուրբ Ծնունդի ուտեստների պատրաստությունը: Պահքի շրջանի համար չորացրած մրգերից և ընկուզեղենից բազմաթիվ կերակուրներ են պատրաստել: Դրանց մեջ առանձնանում են շարոց կոչվող վզնոցատիպ քաղցր կերակուրները՝ սուջուխը և ալանին:
Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածն է տարի կոչվող քաղցր գաթան, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների: Կտորներից մեկի մեջ դրվում էր բախտ կոչվող ոսկեդրամը: Գաթան բաժանվում էր չամուսնացած աղջիկներին, և ում որ բաժին էր ընկնում ոսկեդրամը, այդ տարի իր բախտը բացվում էր: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական տոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:
Բրնձով փլավը պատրաստվում է չորացրած մրգերով ու չամիչով: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև կարմիր գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։ Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Բացառություն է կազմում ձուկը, որը ցանկալի է մատուցել խաշած վիճակում: