ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կրկին լարված իրավիճակ է։ Համայնքի բնակիչների համար դեռ պարզ չէ, թե ով է ղեկավարելու համայնքը։
Համայնքապետարանի դիմաց հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի համակիրները՝ փորձելով ներս մտնել և ճնշում գործադրել ավագանու անդամների վրա։ Սակայն դա նրանց չհաջողվեց․ շենքը շրջափակել էին բազմաթիվ ոստիկաններ։ Ի վերջո, քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղաբնակների միջև։ Իրավիճակը համայնքում շարունակում է լարված մնալ։
Դեկտեմբերի 23-ին Փարաքարում տեղի էր ունեցել ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է ընտրեին համայնքի ղեկավարի։ Ընտրություններում հաղթող «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Վոլոդյա Գրիգորյանին։ Սակայն 11 կողմ ձայնով համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը, որի թեկնածությունը պաշտպանում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Կուսակցություններից յուրաքանչյուրը կարծում է, որ համայնքի օրինական ղեկավարը հենց իր թեկնածուն է։ Մինչդեռ դատարանը անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վոլոդյա Գրիգորյանը։