Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով: Այն չի թանկանա միայն սոցիալապես անապահով խավերի համար:
Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կմնան անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, սակագինը կավելանա 1.5 դրամ/կՎտժ-ով: Բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցողների համար սակագներն կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Եվ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 29-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն քննարկել և սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները: