Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոր կամրջի վրայով շինարարների հետ առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:
Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:
«Բավականին լավ համագործակցություն եղավ ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ: Պետք է նշեմ նաև, որ բավականին լավ արդյունք ունենք, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չունենք և ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- նշել է քաղաքապետը: