Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հավանություն է տվել Երևանի զարգացման 2020թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների շարունակական ընթացքը՝ սկզբունք ունենալով օրենքի գերակայությունը: Որոշման նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության ու բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն:
2020թ. ծրագրի հիմնական գերակայություններն են մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը, վերելակային տնտեսության արդիականացումը, տրանսպորտի համակարգի ամբողջական արդիականացման մեկնարկի ապահովումը, քաղաքի կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, ոռոգման համակարգի արդիականացումը, քաղաքի մասնակցային կառավարման սկզբունքի ձևավորումը, ինչպես նաև առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում տարբեր բնույթի ծրագրերի իրականացումը: