Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:37-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը փակ է: Թալին-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհ։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս, Սիսիան քաղաքներում մառախուղ է:
Վրաստանից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։