ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է:
Նշենք, որ «երիտասարդական քաղաք» տիտղոսի համար ներկայացված էին նաև այլ քաղաքներ. հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:
«Ուրախալի է, որ մրցույթում հաղթել է Հայաստանի հեռավոր մարզ ներկայացնող քաղաքը: Սա կնպաստի Կապանի և ընդհանուր Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը: Նախարարությունը խրախուսելու է համայնքներում, հատկապես երիտասարդական մայրաքաղաքում, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվացմանը և աջակցելու է տեղական կազմակերպություններին»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարար Գ. Լոռեցյանը:
Նշենք, որ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել համայնքների համաչափ զարգացումը: