«Յասաման» ռեստորանը չեղարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող պատվիրակությունների համար կազմակերպված ճաշկերույթը՝ ադրբեջանցի պատվիրակների մասնակցության պատճառով։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ռեստորանից։
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, թե շրջանառվող տեղեկություններով՝ «Յասաման» ռեստորանը չեղարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող պատվիրակությունների համար կազմակերպված ճաշկերույթը։
Լուրի իսկությունը ճշտելու համար Armenia Today-ը զանգահարեց «Յասաման» ռեստորան։
«Ռեստորանի ղեկավարության որոշմամբ՝ նախատեսվող ճաշկերույթը չեղարկել է։ Միայն այդ տեղեկությունը կարող ենք փոխանցել»,- նշեց ռեստորանի աշխատակիցը։
Ի դեպ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտնել են, որ ներկա չեն լինելու ճաշկերույթին։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի են ունենում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:
Հավելենք, որ մինչև Երևանում ընթանում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը, մարզահամերգային համալիրի դիմաց տեղի են ունեցել ցույցեր։
Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար: