«Ուրալյան ավիաուղիներ»-ը շրջանցիկ երթուղիներ է մշակել նաև դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Մշակվել են շրջանցիկ երթուղիներ՝ Սոչի, ինչպես նաև Հայաստան, Կիպրոս, Եգիպտոս, Թուրքիա չվերթներ իրականացնելու համար: Ավիաընկերությունում հավելել են, որ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Վորոնեժ, Սիմֆերոպոլ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում: