Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են հայկական հինավուրց մայրաքաղաքի ավերակների պեղումները։
Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:
Համաձայն պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանի՝ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:
Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը նշել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ ընթանում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե՛ պատմական, թե՛ մշակութային արժեքը:
Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018 թ․՝ 95.000 զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Անին հայտնի է «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով։
Հավելենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել: