Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է․
«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, որը կանանց մեկամսյակի գագաթնակետն է:
Հայաստանը, թերեւս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով: Այսպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց սրա մեջ արդիական մեծ օրակարգ կա, որովհետեւ մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են:
Այո, այս մեկամսյակին մենք ընդգծում ենք գեղեցկությունը, ընդգծում ենք սերը, ընդգծում ենք հարգանքը: Բայց հատկապես այս տարի ուզում եմ ընդգծել ուժը, ուզում եմ ընդգծել պոտենցիալը, ուզում եմ ընդգծել վճռական դերը, ուզում եմ ընդգծել, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից սկսած, շարունակած հանրային կառավարման, իրավապահ, անվտանգային ոլորտներով, որովհետեւ եթե այս ոլորտներում կանանց պոտենցիալը չներգրավենք, նշանակում է երկրի զարգացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները կիսատ ենք օգտագործում:
Ու եթե սրան գումարենք նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման առումով կանանց բացառիկ դերակատարումը, առավել պարզ կդառնա թե ինչու եմ ասում, որ մեր իրավիճակի հաղթահարման գործում կանանց դերը վճռական է»։