Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:
Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Այս մասին Facebook-ի էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- մանրամասնել է նա։
Նշենք, որ «Սասնա ծռեր» շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:
Շարժումը տեսանյութը վերնագրել է «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։
Ի դեպ, հավելենք, որ ՀՅԴ երիտասարդները Արցախի պղծած դրոշը փոխել են և նորն են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 5-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցությունները «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով հանրահավաք են անցկացրել։ Նրանք փակել էին Ֆրանսիայի հրապարակի մուտքերն ու տեղադրել Արցախի դրոշը։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն Արցախը դրոշը տեղադրում են նաև մարզերում։